ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների հանդիպումը:

«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, որոնք որոշ ժամանակ բախվել են լարվածության»,- ասել է նա:

Դյուժարիկը հիշեցրել է կողմերի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին՝ նշելով, որ ՄԱԿ-ը վերջին հանդիպումը համարում է «շատ դրական իրադարձություն՝ այդ պայմանավորվածության ամրապնդման ուղղությամբ»:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «միշտ ուշադիր հետևում է այդ բոլոր իրադարձություններին»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին Աբու Դաբիում խաղաղության հարցերով բանակցություններ էին վարել, որոնք տևել էին ավելի քան 5 ժամ։

Armenia Today