ՄԱԿ․ ՌԴ հետ սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանն օժանդակելու մասին համաձայնագրի ժամկետը չի երկարաձգվի

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) հայտարարել է, որ այս ամսվանից կդադարի գործել Ռուսաստանի հետ 2022 թվականին ստորագրված համաձայնագիրը, որը վերաբերում էր ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանը նպաստելուն, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Հայտարարության մեջ հիշատակվում է Ժնևում անցկացվելիք «վերջնական խորհրդակցական հանդիպումը»՝ առանց լրացուցիչ մանրամասների, հաղորդում է BBC-ն։ Ֆրանսպրես գործակալության աղբյուրը, անանունության պայմանով, պարզաբանել է, որ կողմերի միջև առկա տարաձայնությունների պատճառով համաձայնագիրը չի երկարաձգվի և ստորագրումից երեք տարի անց հուլիսի 22-ին կդադարի գործել։

Ռուսաստանը բազմաթիվ տեսակի սննդամթերքի խոշոր արտահանող է և աշխարհի խոշորագույն պարարտանյութերի արտադրողը, սակայն 2022 թվականին ռուսական արտահանումը կտրուկ նվազել է Արևմուտքի պատժամիջոցներից բեռնափոխադրողների վախի պատճառով (չնայած պատժամիջոցները իրականում չէին տարածվում նշված ապրանքների վրա): Դա հանգեցրել է սննդի պակասի և գների աճի ամբողջ աշխարհում, և հատկապես ծանր հարված է հասցրել զարգացող աղքատ երկրներին։

UNCTAD-ը մշակել է մի ծրագիր, որը պետք է ապաշրջափակեր ռուսական արտահանումը՝ առանց խախտելու ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմները, սակայն Մոսկվան բազմիցս բողոքում էր, որ այս ծրագիրը չի աշխատում։

Այդ համաձայնագրի հետ միաժամանակ, նույն օրը՝ 2022 թվականի հուլիսի 22-ին, կնքվեց համաձայնագիր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Համաձայնագիրը հիմնականում կատարեց այդ խնդիրը, սակայն 2023 թվականի ամռանը Ռուսաստանը հրաժարվեց երկարաձգել այն։

Այդ ժամանակ Ուկրաինան, իր դաշնակիցների օգնությամբ, կարողացել էր իր նավահանգիստներից ստեղծել համեմատաբար անվտանգ նավագնացության երթուղի, որն անցնում էր հիմնականում Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերով։ Դրան նպաստեց նաև Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի դուրսբերումը Սև ծովի արևելքից հեռու։

News.am