«ՀայաՔվե»․ Ով էլ գնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու

ՀԷՑ-ը մեր էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Այն խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու, հայտարարել է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։

«Եթե ի վերջո որոշեն անօրինական ձևով այն մեկին վաճառել, ցանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու, այսինքն` էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու: Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ: Այդ ստախոսությունը հեշտ է բացահայտել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն տարի զեկույց է հրապարակում: 2024-ի զեկույցում ՀԷՑ-ի աշխատանքը բավականին բարձր գնահատականի է արժանացել։ Նշվել է, որ թեպետ հոսանքանջատումներ կան, բայց նախորդ տարիների համեմատ` անջատումները բավականին կրճատվել են, էլեկտրաէներգիայի կորուստ կա, բայց նախորդ տարիների համեմատ` այդ կորուստները կրճատվել են։

Նշենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար:

Sputnik Արմենիա