Ընդհանուր կոմբինացիոն ընթացք է․ փաստաբանը՝ վերջին մեկ ամսվա կալանավորումների մասին

Այն, ինչ վերջին մեկ ամսում կատարվում է, մեկ ամբողջական կոմբինացիայի տրամաբանության մեջ է տեղավորվում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում կատարված աղմկահարույց ձերբակալություններին և կալանավորումներին։

«Բոլորն այնտեղ են (Բագրատ և Միքայել սրբազաններ, գործարար Սամվել Կարապետյան և այլք. խմբ), որովհետև այս վարչախումբը դրանով մի քանի խնդիր է լուծում` նախ հանրությանը ցույց տալ, թե ահաբեկչական խմբավորումներ են ձերբակալվել, մեկուսացնել այն մարդկանց, որոնք հաջորդիվ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների ժամանակ կարող էին դժգոհություն հայտնել և փորձել դիմադրություն ցույց տալ։ Իսկ Սամվել Կարապետյանի դեպքում վախ ներշնչել բոլոր տնտեսվարողներին, որ գործարարները կաղապարված լինեն իրենց դիրքորոշումն արտահայտելուց»,– ասաց նա։

Փաստաբանը չբացառեց, որ իշխանություններն այս բոլոր գործողություններով իշխանությունները փորձ են անում հանրության ուշադրությունը շեղել ստորագրվելիք նոր, ամոթալի փաստաթղթերից։

Փաստաբան Մանուշ Եսայանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց՝ բոլոր գործերն ունեն մեկ նպատակ՝ լռեցնել մարդկանց։

«Սա նրա համար է, որ լռեն բոլոր նրանք, ովքեր արտահայտվում են իրենց պատկերացրած պետության, իրենց պատկերացրած ազգային գաղափարախոսության, իրենց պատկերացրած պայքարի և օրինական, ժողովրդավար պետություն ունենալու օգտին»,- նշեց Եսայանը։

Նա հավելեց՝ պետք չէ փաստաբան լինել հասկանալու համար, որ վերջին մեկ ամսվա բոլոր գործերն այս առումով փոխկապակցված են։

Sputnik Արմենիա