Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը. Ֆրանսիայի նախագահը փակագծեր է բացել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը X-ի իր էջում։

«Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»,–գրել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ այս հանդիպումը հնարավորություն տվեց վերանայել հայ–ֆրանսիական երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և ամրագրել ռազմավարական երկկողմ գործընկերությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել Բրյուսելից, որտեղ կայացել է նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի եռակողմ հանդիպումը:

Sputnik Արմենիա