Վասիլի ԿՈԼՏԱՇՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ

«Նոր հասարակություն» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքները։

Փորձագետի կարծիքով՝ հավանականություն կա, որ Անդրկովկասը Ռուսաստանի համար խնդրահարույց ուղղություն կդառնա, որտեղ ռուսական ազդեցությունը կզրոյացվի։

«Կա հավանականություն, որ Ալիևն ու Փաշինյանը կհամաձայնեն խաղաղությանը, և Ադրբեջանի կողմից ավելորդ ճնշումներ չլինելու դեպքում վերջակետ կդրվի։ Այդ ամենը տեղի կունենա Արևմուտքի ազդեցության և վերահսկողության ներքո, և այն հիմքով, որ Ադրբեջանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ավելի սերտորեն մտնելով արևմտյան հակառուսական կոալիցիա, իր հերթին միանալով «փաշինյանական» Հայաստանին, որը ևս կլինի հակառուսական ճամբարում։ Եվ այդպիսով, Անդրկովկասը Ռուսաստանի համար կդառնա խնդրահարույց ուղղություն, որտեղ նրա ազդեցությունը կզրոյացվի։ Եվ դա այն վտանգն է, որը գոյություն ունի, և որը, կարծում եմ, ռուս դիվանագետները կցանկանային բացառել՝ ներգրավվելով բանակցային գործընթացում, այդ գործընթացին կայունություն հաղորդելով և ավելի մեծ չափով ապահովելով Հայաստանի շահերի պաշտպանությունը՝ թաքնված ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ընդունի խաղաղության համաձայնագիրը։

Այսինքն՝ մարել կոնֆլիկտը, բայց ոչ թե այնպես, որ արդյունքում առաջանա հակառուսական կոալիցիա, այլ այնպես, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հիման վրա։ Արդյոք դա կստացվի։ Շատ մեծ հարց է՝ պայմանավորված նրանով, որ Երևանում իշխանության ղեկին գտնվում են արևմտամետ շրջանակներ, որոնք շահագրգռված են Մոսկվայի առաջարկների հետ այնպես աշխատել, որ Մոսկվային ոչինչ չհաջողվի»,- ասել է Կոլտաշովը։

Փորձագետի խոսքով՝ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը շատ գոհ են, սակայն Հայաստանի համար դա պարտություն է։

«Այդ ամենը շատ տխուր է։ Եվ ես վախենում եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների կողմից արվող այդ հայտարարությունները նոր դերի, բանակցային գործընթացում նոր ջանքերի մասին այժմ չեն աշխատի, որովհետև Ռուսաստանին արդեն դուրս են մղում դիվանագիտական գործընթացից։ Դատելով լուսանկարներից՝ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը շատ գոհ են, բայց Հայաստանի համար դա միևնույն է պարտություն է, այստեղ Հայաստանի համար ոչ մի հաջողություն չկա»,- եզրափակել է Կոլտաշովը։

Alpha News