Կալանավորված Լիանա Հարությունյանն ու նրա 8 ամսական դուստրը հոսպիտալացվել են
3-ամսյա կալանքի դատապարտված և 8 ամսական փոքրիկի հետ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխված Լիանա Հարությունյանը երեխայի հետ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
«Լիանա Հարությունյանի և նրա դստեր մեկ օր կալանավայրում մնալուց հետո դստեր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հոսպիտալացվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում: ՀՀ անմեղ ամենափոքրիկ կալանավորը` Լիանա Հարությունյանի դուստրը, մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել բանտարկության երեք վայրերում օտար, զինվորական համազգեստով անձանց անմիջական վերահսկողության ներքո` դատարանի բանտախցում, կալանավայրի բանտախցում և այժմ քաղաքացիական հիվանդասենյակի բանտարկության ռեժիմում»,- գրում է Փոստանջյանը։
Պաշտպանը տեղեկացնում է, որ բողոքներ է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանավորման որոշման դեմ։ Բողոքներում Փոտանջյանն ընդգծել է, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ-ի կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքին, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքին։
Նրա խոսքով՝ պատրաստվել են նաև երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն այն պատգամավորները, ովքեր ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։
«Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշում, պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո»,- գրում է Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» ՔԿՀ, այնտեղ պարզել, որ երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է: Նա նշել էր, որ Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Բացի այդ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:
Նրա գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով հրապարակված տեղեկությունները։
Sputnik Արմենիա