ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել դատարան Լիանա Հարությունյանի համար

ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել դատարան 36-ամյա Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Մասնավորապես, պատգամավորները երաշխավորագրեր են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին և ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։

Հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» ՔԿՀ, այնտեղ պարզել, որ երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է: Նա նշել էր, որ Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Բացի այդ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:

Նրա գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով հրապարակված տեղեկությունները։

Ավելի ուշ Լիանա Հարությունյանը երեխայի հետ տեղափոխվել է հիվանդանոց։

3 անչափահաս երեխաների մայրիկ 36-ամյա Լիանա Հարությունյանը, ըստ մեղադրանքի, «օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։

Sputnik Արմենիա