ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳ․ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Գործարար Սամվել Կարապետյանը կարող է նոր իրավիճակ ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ինչպես հայտնի է, իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով 2 ամսով կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պաշտպանների միջոցով հայտարարել է, որ նոր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Նա նշել էր, որ Հայաստանի համար լավ ապագա կառուցելու իրենց պատկերացումն ունեն, ու նոր թիմով գնալու են իրենց ճանապարհով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։

«Սամվել Կարապետյանն արդեն իսկ քաղաքականության մեջ է և արդեն քաղաքակա գործոն է։ Դա հասկանալի դարձավ այն պահից, երբ ԱԱԾ մեկուսարանից իրար հետևից տարբեր, նույնիսկ ծրագրային բովանդակությամբ նամակներ էր հղում փաստաբանների միջոցով։ Իսկ հուլիսի 4-ին, Սամվել Կարապետյանի ազատությանը նվիրված հանրահավաքում, հնչեցվեց նաև նրա ուղղակի քաղաքական հայտարարությունը, որում ասում էր` ժամանակն է, որ նոր քաղաքական ուժ ձևավորվի, որի շուրջ պետք է փորձել համախմբվել որքան հնարավոր է»,– իր տեսակետը հիմնավորում է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ` հնարավոր նոր քաղաքական ուժը կարող է համախմբել հասարակության այն զանգվածին, որն իրեն արդեն տևական ժամանակ է` դուրս է դրել քաղաքական պրոցեսներից, հիասթափված է թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմադիր ուժերից, գերադասում է չմասնակցել ընտրություններին և սպասում է ինչ–որ այլընտրանքային տարբերակի։

Մեր զրուցակիցն արձանագրում է, որ տարբեր հաշվարկներով` Հայաստանում այս պոտենցիալ ընտրազանգվածը թերևս ամենամեծն է։ Հակոբյանը հիշեցնում է, որ Երևանի ավագանու վերջին ընտրություններին, օրինակ, քվեարկության գնացածների թիվը ընդամենը 28 տոկոս է կազմել, իսկ տարբեր սոցհարցումների տվյալներով` չկողմնորոշվածները շուրջ 70 տոկոս են։

Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժի շուրջ ընդդիմադիր տարբեր ուժերի միավորմանը, Վիգեն Հակոբյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը կմասնակցի ոչ թե մեկ միասնական միավորով, այլ յուրաքանչյուրն իր ընտրացուցակով։

Քաղտեխնոլոգի խոսքով` համախմբումը տեղի կունենա արդեն ընտրություններից հետո` կոալիցիայի տեսքով։

«Չեմ բացառում, որ Սամվել Կարապետյանի ուժի հետ որևէ քաղաքական ուժ կամ ուժեր նաև նախընտրական ժամանակահատվածում կարող են նախընտրական դաշինք ձևավորել, բայց քիչ հավանական եմ համարում, որ ամբողջ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակով կգնա ընտրության։ Սա, իհարկե, ես ասում եմ խորհրդարանական ընտրությունների սխեմայի մասին։ Բայց մենք չպետք է բացառենք, որ, եթե բարենպաստ պայմաններ կամ գործոններ աշխատեն, ցանկացած պահի իշխանափոխության սխեման կարող է լինել նաև ոչ ընտրական տարբերակով` փողոցի ճնշման միջոցով։ Թեպետ, ի վերջո, ամեն ինչ հանգելու է կա՛մ ընտրության, կա՛մ իմպիչմենտի գաղափարին»,– նշում է Վիգեն Հակոբյանը։

Sputnik Արմենիա