Պապոյան․ Համաձայն չենք ՌԴ-ի գնահատականի հետ, մեր կոնյակը հիմա ստուգվում է
«Համաձայն չենք ՌԴ–ի գնահատականի հետ, մեր կոնյակը հիմա ստուգվում է։ Ինձ համար հաճելի զարմանք էր, որ Վրաստանում ստուգումների արդյունքում մեր կոնյակի 90 տոկոսը դրական եզրակացություն է ստացել ու գնացել դեպի Ռուսաստան։ Այս ամենի առաջին հետևությունն այն է, որ ՀՀ–ում շշալցված կոնյակի 90 տոկոսը իսկական կոնյակ է»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով ռուսական կողմի այն հայտարարություններին, որ ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի:
Նրա խոսքով, ռուսական կազմակերպությունը, որը տարածել է հայտարարությունը, պետական չէ, իսկ պետական մարմինների հետ Հայաստանը որևէ խնդիր չունի։
«Վերջին խոսակցությունս ՌԴ կոլեգայիս հետ երկու առաջ է եղել, մենք արձանագրել ենք, որ բացարձակապես խնդիր չկա Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում։ Ընդհակառակը՝ մենք խնդիր ենք դրել, որ պետք է առևտրաշրջանառությունն ավելանա։ Իհարկե, կան հարցեր, որոնք լուծումներ են պահանջում։ Ռուսաստանի գործընկերն ասում են՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանից ծաղիկի արտահանումը դեպի Ռուսաստան եռապատկվել է և բնականաբար, նրանց մոտ ինչ–որ կասկած է առաջացել, որ հնարավոր է՝ այդ ծաղիկները երրորդ երկրներից են գալիս։ Մենք էլ ասում ենք՝ ոչ սիրելի գործընկերներ, մեր ծաղիկներն են, եկեք, տեսեք, թե ինչքան ջերմոցներ են ավելացել Հայաստանում։ Ես ինքս շահագրգռված չեմ, որ հիվանդ ծաղիկը արտահանվի ու երկրի վարկանիշն ընկնի»,–ասաց Պապոյանը։
Գևորգ Պապոյանը նշեց, որ հասկանում է ջերմոցատերերի խնդիրները, սակայն նախարարությունը չի կարող հաշվի չառնել բացթողումները, փոխարենը՝ կարող է օգնել շտկել դրանք։