ՔՊ-ի դռնփակ նիստում քննարկվել է Սյունիքով ճանապարհ տալու հարցը

Հուլիսի 12-ին Գորիսում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ իշխող էլիտայի քննարկման թեմաներից մեկը եղել է նաև Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը, գրում է «Ժողովուրդը»։

Պարբերականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված է եղել։ ՔՊ-ականներն արձանագրել են, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի և եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։ ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձևաչափով։

«Դռնփակ քննարկման ժամանակ, ըստ մեր աղբյուրների, վարչապետ Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որևէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու Հայաստանի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու»»,-գրում է թերթը։

Նշվում է, սակայն, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ անցած տարի ասել էր՝ կոմունիկացիաների և ճանապարհների անվտանգությունը կարող է ապահովվել մասնավոր ընկերության միջոցով։

Արդյոք նման դիրքորոշումը կարող է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տալ՝ ուժով պահանջելու կամ վերցնելու այդ ճանապարհը՝ ՔՊ-ում հստակ պատասխան չունեն։

Հավելենք, որ օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:

Էրդողանի վարչակազմում էլ հայտարարել էին, որ պաշտոնական Անկարան տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին ու ոչինչ չեն կարող մեկնաբանել:

Sputnik Արմենիա