Միացյալ Նահանգներն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Սիրիային հարվածները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը «շատ մտահոգված է» Սիրիայում տարբեր էթնիկ խմբերի միջև ընթացող մարտերով, որոնք հանգեցրել են նաև Իսրայելի կողմից ռեժիմի ուժերին ուղղված հարվածների։

«Մենք ուզում ենք, որ մարտերը դադարեն», - հայտարարել է Ռուբիոն՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է բոլոր կողմերի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ «Հուսով եմ՝ այսօր նորություններ կունենանք»։ Թրամփի վարչակազմը միաժամանակ Իսրայելին խնդրել է դադարեցնել Սիրիայի վրա հարվածները և երկխոսություն սկսել Դամասկոսի կառավարության հետ՝ լարվածությունը թուլացնելու համար, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Սա արդեն երկրորդ օրն է, որ նմանատիպ խնդրանք է ստացվում։ Հարցումները ներկայացրել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ բանակցությունների ժամանակ։

«Մենք իսրայելցիներին ասացինք կանգ առնել և շունչ քաշել», - Axios-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

News.am