Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈ՞ՒՄ Է ԼՍԱՐԱՆԻ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՈՎ

Հայաստանով անցնող ճանապարհի հարցում «արտապատվիրակումը» համեմատել օդանավակայանի կամ երկաթուղու հավատարմագրային կառավարման հետ, նշանակում է պարզապես առաջնորդվել՝ «տգիտությունը նորաձև» է սկզբունքով կամ՝ լսարանի տգիտության կանխավարկածով:

Ի դեպ, աստեղ շատ ուշագրավ պարադոքս է, որի մասին դարձյալ առիթ եմ ունեցել խոսելու՝ մի կողմից ամեն պատեհ ու անպատեհ առիթով հանրությանը հորդորել կրթվել, մյուս կողմից հանրության հետ հարաբերվել խոսույթով, ձևակերպումներով, համեմատություններով, «փոխաբերություններով», որոնք կարող է «կուլ տալ» միայն գրագիտության բավարար մակարդակ չունեցող անձը:

Պետությունների պրակտիկայում բազմաթիվ են օրինակներ, երբ այս կամ այն ազգային ենթակառուցվածքը հանձնվում է մասնավորի հավատարմագրային կառավարման, կամ նույնիսկ օտարվում՝ գտնվելով պետական անկախ կառույցի կարգավորման ներքո:

Բայց, չկա որևէ պետություն, որը իր տարածքով անցնող որևէ կոմունիկացիոն գործառույթ օտարի կամ հանձնի հավատարմագրային կառավարման, եթե իհարկե չկա վիճելի գոտի, հակամարտ գոտի:

Այո, երբ կա վիճելի գոտի, կարող են լինել ամենատարբեր, ընդհուպ բացառիկ կարգավորումներ, ինչպես օրինակ արցախյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել էր Մինսկի խմբի համանախագահության բացառիկ մանդատը: Կամ, ինչպես օրինակ հակամարտ գոտիներում հայտնվում են այս կամ այն մանդատով գործող խաղաղապահներ:

Որևէ նորմալ պետություն որևէ հավատարմագրային կառավարման կամ արտապատվիրակման չի հանձնում իր պետական և որևէ գործառույթ, եթե ինքը իր պետական գործառույթը չի ճանաչում «վիճելի»:

Այստեղ է գերագույն խնդիրը, որ Հայաստանի հանրապետությունը խոսելով որևէ «արտապատվիրակման» մասին, տվյալ մասով իր տվյալ պետական գործառույթը փաստորեն ճանաչում է «վիճելի», եթե պատրաստ է թեկուզ կես միլիմետրով հրաժարվել իր այդ գործառույթից:

Այստեղ է տեղի ունենում ամենավտանգավորը, որովհհետև, եթե ամրագրվում է այդ երևույթը, դա նշանակում է պարզապես «ծակել» Հայաստանի հանրապետության «օզոնային շերտը», եթե բանը հասել է համեմատություններով կամ փոխաբերություններով խոսելուն, Հայաստանի հանրապետությունը ենթարկել «աշխարհաքաղաքական բնակլիմայական ռիսկի», և դա մի պարագայում, երբ աշխարհաքաղաքական մակրոմիջավայրը գտնվում է բնակլիմայական կատակլիզմների շրջափուլում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, ֆեյսբուքյան էջ