ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՀՍԿԱ ԳԵՏԵՐ, ՈՐՈՆՔ ՄՈՏ 80 ՄԻԼԻՈՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՈՍԵԼ ԵՆ ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅՈՎ
Գիտնականները հայտնաբերել են վաղուց անհետացած մի լանդշաֆտ, որը գոյատևել է Անտարկտիդայի սառույցի տակ 30 միլիոն տարի։ Հին գետերի առաջացրած էրոզիան, կարծես, 80-34 միլիոն տարի առաջ Արևելյան Անտարկտիդայի սառույցի տակ մեծ հարթ մակերեսներ է ստեղծել։
Այս առանձնահատկությունների ձևավորման և լանդշաֆտի վրա դրանց շարունակական ազդեցության ըմբռնումը կարող է օգնել ճշգրտել սառույցի ապագա կորստի կանխատեսումները, հայտնում են հետազոտողները Nature Geoscience հանդեսում։
Եթե Արևելյան Անտարկտիդայի սառցե շերտը լիովին հալվի, դա կարող է հանգեցնել համաշխարհային ծովի մակարդակի բարձրացման ավելի քան 50 մետրով։ Սակայն սառցե շերտի հալվելու աստիճանը առաջիկա տարիներին ճշգրիտ կանխատեսելու համար գիտնականները պետք է իմանան սառցաշերտի անցյալի վարքագիծը և դրա ստեղծման պայմանները։
Խոր փոսերի հետ խառնված հարթ տարածությունները ծածկում էին Արևելյան Անտարկտիդայի ափի 3500 կիլոմետրանոց հատվածը։
Նոր հետազոտության մեջ գիտնականները օգտագործել են չորս նախորդ ուսումնասիրությունների ռադարային տվյալները՝ սառույցի տակ գտնվող ապարի ձևը քարտեզագրելու համար։
«Երբ մենք դիտեցինք այս տարածաշրջանի ենթասառցադաշտային տարածքի ռադարային պատկերները, այդ զարմանալիորեն հարթ մակերեսները սկսեցին հայտնվել գրեթե ամենուր, որ կողմ նայում էինք, - պատմում է հետազոտության համահեղինակ, Մեծ Բրիտանիայի Դարհեմի համալսարանի բևեռային երկրաֆիզիկոս Գայ Պաքսմանը։ -Մեր հայտնաբերած հարթ մակերեսները համեմատաբար անվնաս են մնացել ավելի քան 30 միլիոն տարի, ինչը ցույց է տալիս, որ սառցե շերտի որոշ մասեր պահպանել են լանդշաֆտը, այլ ոչ թե ոչնչացրել այն»։
Դրանք, ըստ ամենայնի. ձևավորվել են Արևելյան Անտարկտիկական սառցե շերտի ձևավորումից առաջ, բայց Գոնդվանա գերմայրցամաքի (որը ներառում էր ժամանակակից Անտարկտիդան, Ավստրալիան, Աֆրիկան և Հնդկաստանը) բաժանվելուց հետո։ Դա հետազոտողներին օգնեց թվագրել 80-34 միլիոն տարեկան հարթ տարածքները։
Այդ հարթ մակերեսների վրա Անտարկտիկական սառույցը բավականին դանդաղ է շարժվում։ Բայց նրանց միջև ընկած խոռոչներում սառույցը շատ ավելի արագ է հոսում։ Հալված ջրերը, հնարավոր է, առաջացրել են այս փոսերը՝ անցնելով բնական ճեղքերի միջով, երբ միլիոնավոր տարիներ առաջ ընդարձակվել է Արևելյան Անտարկտիկական սառցե շերտը։
Գիտնականները նշել են, որ հարթ մակերեսների վրա սառույցի դանդաղ հալումը կարող է կարգավորել մայրցամաքի սառույցի կորուստը։