ԱՍՏՎԱԾԱԲԱՆ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՀԵՌԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՆՑԿԱՑՆԵԼՆ ԱՆՏԵՂԻ Է

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած իրադարձությունները Գարեգին Բ կաթողիկոսին հեռացնելու փորձերի հետ համեմատելն անտեղի է, քանի որ խոսքը տարբեր համակարգերի մասին է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աստվածաբան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «կազատագրի վեհարանն այնպես, ինչպես 2018 թ. Հայաստանն ազատագրեցին Սերժ Սարգսյանից», այսինքն՝ մտադիր է կրկնել հեղափոխությունը, բայց արդեն եկեղեցում։

«Նման զուգահեռներ անցկացնելը և այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանի և կաթողիկոսին հեռացնելը նույնն է, տարրական քննադատության անգամ չի դիմանում։ Ինձ համար դժվար է պատկերացնել, թե որտեղից է առաջացել նման դիսկուրսը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, իսկ իշխանությունները ժամանակավոր են. յուրաքանչյուր իշխանություն սահմանափակված է կոնկրետ ժամկետով, իսկ եկեղեցու պատմությունը 1700 տարվա պատմություն ունի, և այն գոյություն կունենա այնքան, որքան գոյություն կունենա մարդկությունը»,– ընդգծեց Խաչատրյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2016 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երևանի կենտրոնում իր քարոզում կոչ է արել աշխարհասփյուռ հայերին դառնալ խաղաղության դեսպաններ, քանի որ հայերն ի զորու են միջազգային հանրության առջև խնդիրներ բարձրացնել:

Խաչատրյանն այն համոզմանն է, որ Հայաստանը կկարողանա իր պահանջներն ու խնդիրները հասցնել միջազգային հանրությանը միայն այն դեպքում, եթե նրա թիկունքում լինի Հայ առաքելական եկեղեցին:

Նրա կարծիքով՝ ամեն դեպքում չի կարելի թույլ տալ կամայականություն, զգացմունքային մոտեցում, քանի որ դա կարող է վնասել հայ ժողովրդին, և պետք է պահպանել պետության և եկեղեցու գոյություն ունեցող տարանջատումը։

«Իշխանության կողմից այդ բոլոր քայլեր որքանո՞վ են համապատասխանում սահմանադրական շրջանակին։ Եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Ինչպե՞ս կարելի է մանիպուլյացիաներով ներխուժել եկեղեցի, ի՞նչ հիմքով: Ինչո՞ւ ենք մենք անհասկանալի պառակտում ստեղծում եկեղեցու և իշխանության միջև։ Չէ՞ որ Հայ առաքելական եկեղեցին միշտ նպաստել է հայոց պետականության ամրապնդմանը»,– նկատեց աստվածաբանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, թե ինքը Հայ եկեղեցու հավատարիմ հետևորդն է, Խաչատրյանն ընդգծեց, որ եկեղեցու հետևորդները ենթարկվում են եկեղեցական կանոնակարգին, և նրանց նպատակը չի կարող լինել Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը:

Sputnik Արմենիա