Ձերբակալվել է Արևշատի գյուղապետը. ի՞նչ է տեղի ունեցել Արևշատի և Վերին Դվինի գյուղացիների միջև
Ինչ-որ կենցաղային վեճ է եղել երկու գյուղի մի քանի բնակիչների միջև, և հետո հարթվել է վեճը, բայց երեկվանից ինչ-որ ձերբակալություններ են նկատվում գյուղում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ասորական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։
«Ձերբակալում են ոչ միայն գործին վերաբերող անձանց, այլ նաև ընդհանրապես դրանից անտեղյակ, այսինքն ընտանիքի անդամներին, այսօր նաև պատահական գյուղացիներին։
Այսօր ոստիկանությունը ներխուժել է գյուղ և իրենց շատ վատ ձևով է պահում, ոստիկանության աշխատողները շատ կոպիտ են խոսում։ Բնակիչների հարցերին, թե այս ի՞նչ տեռոր եք անում, ասել են՝ լավ ենք անում, տեռոր ենք անում, պետք լինի հատուկջոկատայիններին էլ կկանչենք»,–ասաց նա։
Անդրադառնալով պատճառներին, ԱԺ պատգամավորն ասաց, որ դեպքը եղել է Արևշատ գյուղի բնակիչների հետ, հիմա գյուղապետին ձերբակալել են, որը, ըստ գյուղացիների, մտել է մեքենաների մեջ և հատուկ վնասել։
«Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։Բնակիչների փոխանցմամբ, ծիրանի մթերման հետ է կապված եղել վեճը, սկսել են իրար հետ վատ խոսել, վեճ է սկսել։ Մեկը ասում է եղել է ծեծկռտուք, մյուսը ասում է՝ ոչ։
Ոստիկանությունը առանց որևիցե ծանուցման եկել է վեճի մասնակից մարդու տուն, իրեն չի հայտնաբերել, վերցրել, մորն են տարել բաժին։ Մոտ 7-8 հոգու տարել են, նաև այսօր եկել են գյուղ և տարել են նաև բնակիչների մեքենաները՝ պնդելով թե առանց համարանիշների են։ Բայց մենակ մեր գյուղում չի որ առանց համարանիշի մեքենաներ ունենք։
Ինձ ուղղակի մտահոգում է ոստիկանության պահվածքը ոչ թե բուն փաստը, որ կանչում են բաժնում։ Բաժին կանչելը նորմալ է, աննորմալ է անօրինական պահվածքը։Մոտավորապես մի 30 ոստիկան է եկել ինչ-որ փոքր վեճի համար»։
Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին հետևյալը. «Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում»։