Օսկանյան․ Պետք է ստեղծել մի մարմին, որը կդառնա լռեցված բանտարկյալների ձայնը
Ժամանակն է ստեղծել մի մարմին, որը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ըստ նրա` այդ մարմինը պետք է կազմված լինի իրավապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիվանագետներից, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից, որը պետք է համակարգված աշխատի՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու այս վտանգավոր շրջադարձի վրա։
Օսկանյանի խոսքով` նորաստեղծ մարմինը պետք է համագործակցի Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և դեսպանատների հետ՝ ներկայացնելով փաստաթղթեր, պատրաստելով զեկույցներ, կազմակերպելով լսումներ, դիմելով միջազգային դատարաններ։
«Այս մարմինը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Պետք է աջակցել նաև նրանց ընտանիքներին, ցույց տալ ամբողջ աշխարհին՝ թե ինչպես է դատաիրավական համակարգը օգտագործվում ոչ թե արդարադատության, այլ ռեժիմի պահպանման համար։ Այն պետք է նաև ճնշում գործադրի դեսպանությունների և միջազգային գործընկերների վրա՝ որպեսզի նրանք չխաբվեն Երևանի կենտրոնում տիրող ժողովրդավարական նորմալության կեղծ պատրանքով, այլ ազնվորեն գնահատեն դրա հետևում թաքնված ավտորիտարիզմը»,– գրել է ԱԳ նախկին նախարարը։
Եթե նման մարմին ստեղծվի, ապա Օսկանյանը պատրաստ է աջակցել իր ժամանակով, կապերով և քարոզչությամբ, քանի որ քաղաքական բանտարկյալներն արժանի են ոչ միայն մտահոգություն արտահայտող հայտարարությունների, այլ նաև ռազմավարական և գործուն պայքարի։
«Լռությունն այսօր նշանակում է հաշտություն անարդարության հետ։ Եթե լռենք, մենք ոչ միայն թողնում ենք տասնյակ անմեղ մարդկանց անազատության մեջ, այլ նաև դավաճանում ենք մեր ժողովրդի ժողովրդավարական երազանքին»,– գրել է նա։
Օսկանյանի խոսքով` Հայաստանն այլևս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարություն ունեցող, թեև Երևանի կենտրոնում կյանքը շարունակվում է իր ուրախ նոտաներով, սրճարաններն ու գիշերային ակումբները լի են, իրական պատկերը շատ ավելի մռայլ է։
«Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարությունը ավտորիտարիզմից։ Այս պահին Հայաստանում կա մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալ, որոնց թվում են երկու արքեպիսկոպոսներ, ռուսահայ բարերար և ներդրող Սամվել Կարապետյանը, գործող պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ։ Նրանց «հանցանքը» մեկն է՝ համարձակվել են դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը»,– ընդգծել է ԱԳ նախկին նախարարը։
Նա այն համոզմանն է, որ այս հալածանքները պատահական չեն, այլ համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են՝ հատկապես երբ Փաշինյանը շարունակում է իր զիջողական քաղաքականությունը, և մոտենում են Հայաստանի հերթական ընտրությունները։
Ըստ Օսկանյանի` քննչական մարմինները և դատարանները դարձել են քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին վախեցնելու, հետապնդելու և մեկուսացնելու համար, իսկ նախաքննական կալանքը կիրառվում է որպես պատիժ, ոչ թե արդարադատությանը խոչընդոտելու ռիսկի կանխման միջոց։
Sputnik Արմենիա