Ալիև. ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն:
Ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո։ Այո, տեքստը կարող է նախապես նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», — ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա երկու երկրների սահմանադրությունների մասին կարգավորում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի Սահմանադրությունն է պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում այս փուլում, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծի արդեն իսկ համաձայնեցված հոդվածներն այդ հարցն ամբողջությամբ լուծում են:
Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այդ պայմանագրի դրույթները չկատարելու համար:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա ՀՀ վարչապետը հայտարարել է, հայկական կողմը կառուցողական է մոտենում հարցին, սակայն պետք է համոզված լինել, որ կբացառվի իրավիճակը, երբ հակամարտության էջը կփակվի Ադրբեջանի տարածքում, բայց կվերածվի Հայաստանի տարածքի նկատմամբ նոր պահանջների, ուստի պետք է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր և դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Alpha News