Թուլսի Գաբարդ. 2016-ի ընտրություններում Օբամայի թիմի դավադրության մասին ապացույցներ կան
ԱՄՆ իշխանությունները ապացույցներ ունեն, որոնք թույլ են տալիս նրանց մեղադրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի դավադրության անդամներին 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար։ Այդ մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը:
«Մենք ունենք ապացույցներ, որոնք թույլ են տալիս առաջ շարժվել և հասնել արդարության, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և նրանց մեղադրանք առաջադրել»,- ասել է նա:
Հուլիսի 18–ին Գաբարդը զեկույց է հրապարակել, որում ապացուցվում է՝ Օբամայի վարչակազմը կեղծել է 2016-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության տվյալները:
Նյութերի համաձայն՝ երկրի այն ժամանակվա ղեկավարությունը ԶԼՄ-ներով կեղծիքներ էր տարածում այն մասին, որ ԿՀՎ-ն Մոսկվայի մասնակցության ապացույց ունի։ Միևնույն ժամանակ, նրանք թաքցրել են հետախուզական տվյալներ, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանը մտադրություն և հնարավորություն չի ունեցել կոտրել ամերիկյան էլեկտրոնային ընտրական համակարգը:
Հաջորդ շաբաթ կհրապարակվեն լրացուցիչ տվյալներ, որոնք, ըստ Գաբարդի, ցույց են տալիս, որ Օբամայի թիմը փորձում է կեղծ տեղեկություններ տարածել ընտրություններին «ռուսական միջամտության» մասին՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին վնասելու համար, որը հաղթել էր 2016 թվականի ընտրություններում։
«Ռուսական միջամտության» հետաքննությունը
2016-ի նախագահական ընտրություններից գրեթե անմիջապես հետո ամերիկյան հետախուզական գործակալությունները մեղադրել են Ռուսաստանին քվեարկությանը միջամտելու, իսկ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ Մոսկվայի հետ դավադրության համար։ Ե՛վ Կրեմլը, և՛ Սպիտակ տունը հերքել են այդ մեղադրանքները։ Հետաքննությունը երկու տարուց ավելի վարում էր հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերը։
1. Արդյունքում նա խոստովանել է, որ չի գտել որևէ ապացույց դավադրության մասին, բայց միևնույն է, մեղադրել է մի խումբ ռուսների ընտրություններին միջամտելու մեջ: Մոսկվան նշել էր, որ ոչ ոք դրա վերաբերյալ որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել: 2023-ի մայիսին հրապարակվել է հատուկ դատախազ Ջոն Դարհեմի զեկույցը: Այնտեղ նշվում էր՝ ո՛չ ամերիկյան հետախուզությունը, ո՛չ էլ անվտանգության պաշտոնյաները իրական ապացույցներ չունեն Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրության մասին,
2. ՀԴԲ-ն որևէ տեղեկություն չուներ ԱՄՆ ներկայիս նախագահի մտերիմ անձանց և ռուսական հետախուզական ծառայությունների միջև որևէ շփման մասին,
3. գերատեսչությունը չպետք է լիարժեք հետաքննություն սկսեր Թրամփի քարոզարշավի և Մոսկվայի միջև կապերի վերաբերյալ,
4. հատուկ ծառայությունը դրա համար օգտագործել է հում, չվերլուծված և չհաստատված տեղեկություններ։
Հունիսի սկզբին օգտատերերը նկատել էին, որ «ընտրություններին Ռուսաստանի միջամտության» մասին չհաստատված զեկույցը հեռացվել է ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի կայքից։
Sputnik Արմենիա