ՀԷՑ տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` արձագանքելով ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանն այսօր այցել է ՀԷՑ և հայտարարել` Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու։

«Նա ինչ-որ հայտարարություն է արել, որ եթե ես հրաժարականի դիմում չգրեմ, ապա իրենք ինձ կազատեն։ Խնդրեմ։ Եթե մենք գնում ենք անօրինականության ճանապարհով, ապա այո՝ փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ հնարավոր է», - ասաց ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նա ընդգծեց` փորձ է արվում կոտրել դիմադրությունը, որ տեսեք` Ղազինյանին «беспредел»–ով հանեցինք, բա ձե՞զ ինչ կանեն։

«Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մնալ և աշխատել մեր ձևով` ի բարօրություն մեր ժողովրդի»,– ասաց Ղազինյանը։

Sputnik Արմենիա