Արցախի ԱԺ նախագահ․ Մեր վերադարձը Արցախ կախված է ուժեղ և հզոր Հայաստանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերադարձի իրավունքը արցախցիներից ոչ ոք չի կարող խլել։ Ոչ մի իշխանություն չի կարող փակել Արցախի հարցը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։

 

 

Նրա արձանագրմամբ՝ Արցախի խորհրդարանը, որպես ընտրված լեգիտիմ մարմին, նույնպես գտնվում է Երևանում՝ Արցախի ներկայացուցչության շենքում։ «Վերջին կետը, որ ունենք ՀՀ-ում, դա Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքն է։ Ցանկացած արցախցի, երբ տարբեր առիթներով դիմում է ՀՀ տարբեր գերատեսչություններին և հարցի լուծումներ չի գտնում, գալիս է Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք։ Մենք այնտեղ ունենք աշխատակիցներ, որոնք փորձում են տարբեր հարցերով օգնություն ցուցաբերել՝ թե իրավական, թե այլ առումներով»,- նշել է ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ իրենք զբաղվում են բացառապես արցախցիների իրավունքների պաշտպանությամբ ու, այդ շենքում լինելով, չեն խառնվում Հայաստանի ներքաղաքական խնդիրներին։

Նա անհեթեթություն է որակել շրջանառության մեջ արհեստական մտցված «պետության մեջ պետություն» ձևակերպումը։

«Դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Լավ կլինի դրա մասին ընդհանրապես չխոսել, որովհետև դրա տակ չկա ոչ մի հիմք։ Մենք գործում ենք ՀՀ օրենքներով, ապրում ենք Հայաստանում, հաշվի ենք առնում Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային իրավիճակը և մեր գործունեությամբ երբեք թույլ չենք տա վնաս հասցնել ՀՀ-ին։ Մենք միշտ նշել ենք, որ մեր վերադարձը կախված է ուժեղ և հզոր Հայաստանից, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի շենացնենք Հայաստանը», – ընդգծել է Աշոտ Դանիելյանը։

«Փաստինֆո»