Քաղաքագետ․ Դիմադրության առոջնորդությունը պետք է ստանձնի Մայր աթոռը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակման դիմադրությունը պետք է ի վերջո ստանձնի Մայր Աթոռը։ Նման կարծիք Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով Վեհարանի դեմ նախատեսված գործողություններին։

 

«Հավատավոր ժողովուրդը, հոտը, եթե կուզեք, չի կարող սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան անել, պետք է հետևի որևէ հրահանգի, կոչի։ եկեղեցին տիեզերական կառույց է , պարփակված չէ Հայաստանի տարածքով։ Եթե եկեղեցին դիմադրության որոշում կայացնի ու համապատասխան կոչով հանդես կգա, պետք է միահամուռ կերպով կոչին անսան քաղաքական ուժերը ու նման կոչ իրենք էլ անեն, որպեսզի հանրությունն իր կողմից վստահված կառույցին նեցուկ լինի»,-ասաց նա։

Անդրադառնալով Կաթողիկոսի ու հոգևորականների դեմ Հայաստանի ղեկավարի արշավի պատճառներին, քաղաքագետն ասաց.

«Դժվար է ասել՝ ինչ է Նիկոլ Փաշինյանի մտքում, բայց ես ենթադրում եմ հետևյալը. վերջին հինգ տարում հանրային ինստիտուտներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայ առաքելական եկեղեցին։ Բացի այդ, այն ունի հայ ժողովրդին կոնսոլիդացնելու շատ մեծ ներուժ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի խնդիրն է չեզոքացնել եկեղեցուց եկող պոտենցիալ խնդիրը, դրա համար նա ընտրել է ամենալավ տարբերակը՝ թիրախավորելով անձին վարկաբեկել ինստիտուտը»։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ ՀԳ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։