Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ «օկուպացիայի պատը անանցանելի չէ»

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը ելույթ է ունեցել թուրքական ներխուժման 51-ամյակի կապակցությամբ Նիկոսիայի նախագահական պալատում կազմակերպված միջոցառմանը՝ ուղերձներ հղելով Կիպրոսի խնդրի և դրա լուծման հեռանկարների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Օկուպացիայի պատը անանցանելի չէ», - ասել է Կիպրոսի նախագահը՝ կոչ անելով իր համաքաղաքացիներին մնալ լուրջ, համառ, նպատակասլաց և գործին նվիրված։

Նրա պնդմամբ՝ 51 տարի շարունակ Թուրքիան շարունակում է Կիպրոսի Հանրապետության՝ անկախ և ինքնիշխան պետության, ԵՄ-ի և ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքի մեկ երրորդից ավելիի անօրինական ռազմական օկուպացիան՝ հրաժարվելով տրամադրել օկուպացիոն բանակի փաստաթղթերը՝ անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար, ինչը զուտ մարդասիրական հարց է։

«Թուրքիան խախտում է Կիպրոսի բոլոր օրինական բնակիչների՝ հույների, թուրք կիպրոսցիների, մարոնիտների, հայերի և լատինացիների հիմնարար ազատություններն ու իրավունքները», - ասել է Քրիստոդուլիդեսը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ընդլայնում է անօրինական գաղութացումը և փոխում Հյուսիսային Կիպրոսի ժողովրդագրական բնույթը, ուժեղացնում է տնտեսական, քաղաքական, կրոնական և սոցիալական մանիպուլյացիաները, հետապնդում է Կիպրոսի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք մնում են օկուպացված տարածքներում։

«Թուրքիան ոչնչացնում է հունական կրոնական և մշակութային ժառանգությունը և թույլ չի տալիս կիպրոսցիներին տեղաշարժվել, հաստատվել և ազատ ապրել իրենց հայրենիքի որևէ մասում»,- ասել է Կիպրոսի նախագահը։