Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է Փաշինյանի՝ հարձակում ու բռնություն հրահրելու փորձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը»,-նշված է հայտարարության մեջ։
Մայր աթոռը հորդորում է իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը ու միաժամանակ դիմում պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական միջոցառումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ժողովրդին «չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար»։
Sputnik Արմենիա