Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանի հաշիվների վրա 9 միլիոն դրամի կալանք է դրվել։ Այս մասին գրում է «Հրապարակը»` նշելով, որ դատարանը նման որոշում է կայացրել՝ բավարարելով Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական, հասարակական գործիչների, այդ թվում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և ուրիշների դեմ։ Սամվել Կարապետյանը նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրեն հասցեագրված վիրավորական արտահայտությունների համար, հրապարակային հերքել զրպարտություններն ու որպես վիրավորանքի և զրպարտության փոխհատուցում վճարել 9 միլիոնական ՀՀ դրամ։
«Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի` քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։ Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թորոսյանը՝ արձագանքելով դատարանի որոշմանը։
Sputnik Արմենիա