ԱՄՆ-ն դուրս կգա ՅՈւՆԵՍԿՕ-ից. Թրամփը որոշում է կայացրել

Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել, ըստ որի` ԱՄՆ–ն դուրս կգա ՅՈւՆԵՍԿՕ-ից։ Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը։

«ՅՈւՆԵՍԿՕ-ն աջակցում է տարաձայնություններ հրահրող մշակութային և սոցիալական նպատակներին, որոնք հակասում են այն առողջ քաղաքական միջոցներին, որոնց օգտին ամերիկացիները քվեարկել են անցյալ տարվա նոյեմբերին», - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցչի տեղակալ Աննա Քելլին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները դեմ են արտահայտվել ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից «բազմազանությունը, հավասարությունը և ներառումը» (DEI) խթանելու ջանքերին և կառույցի «պաղեստինամետ և չինական կողմնակալությանը»։

Թրամփը 2026 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը՝ դրանք անվանելով Միացյալ Նահանգների համար անարդյունավետ և անարդարացիորեն թանկ: Նա նաև առաջարկել էր դադարեցնել ՄԱԿ-ի կառույցներին (այդ թվում` ԱՀԿ-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ին) և հենց համաշխարհային կազմակերպության կանոնավոր բյուջե ուղղվող պարտադիր և բոլոր կամավոր ներդրումները:

Sputnik Արմենիա