Ադրբեջանն աշխարհին որպես օրինակ ներկայացրած Ֆրանսիայի մշակույթի նախարարը կդատվի կոռուպցիայի մեղադրանքով

Ֆրանսիայի դատավորները երեքշաբթի որոշում են ընդունել, որ մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին և ավտոարտադրողի նախկին գործադիր տնօրեն Կառլոս Գոնը խորհրդատվական վարձատրության գործով՝ կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դատական աղբյուրին։

2024 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի ֆինանսական հանցագործությունների դատախազությունը (PNF) պահանջել էր, որ Դաթին, որը, ենթադրաբար, 2026 թվականի մարտին պետք է առաջադրվեր Փարիզի քաղաքապետի պաշտոնում, ինչպես նաև Renault-Nissan-ի նախկին ղեկավար Գոնը դատարանի առաջ կկանգնեն կոռուպցիայի հետաքննության շրջանակում։ Հետաքննիչները ուսումնասիրել են Դաթիի կողմից Renault-Nissan ավտոմոբիլային դաշինքից ստացած հոնորարները, որոնք նա ստացել էր որպես խորհրդատու, երբ Եվրախորհրդարանում առաջադրվելու համար, 2009 թվականին հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։

Դաթին հերքել է այդ ընթացքում ստացված հոնորարներին առնչվող չարաշահումները, իսկ Գոնը, որը Ճապոնիայից մասնավոր ինքնաթիռով արկղի մեջ փախել էր Լիբանան, հերքել է իր դեմ ուղղված չարաշահումների մեղադրանքները։

Ֆրանսիայի, Լիբանանի և Բրազիլիայի քաղաքացիություն ունեցող Գոնը Ճապոնիայի Ինտերպոլի տված կարմիր ծանուցագրի պատճառով 2019 թվականից չի լքել Լիբանանը։

Դաթիի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակումը զայրացրել է Ֆրանսիայի հայ համայնքին, որի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել երկրի կառավարության նշանակման դեմ։

Նշենք, որ Ռաշիդա Դաթին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մերձավորներից է, սակայն հայերի զայրացած արձագանքը նրա նշանակմանը պայմանավորված էր Ադրբեջանի մասին նրա անիրատեսական հայտարարություններով։ 2015 թվականի հուլիսին նա հայտարարել էր, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած «Ադրբեջանը կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհի համար կրոնական և էթնիկ խմբերի միջև կապերի առումով»։

News.am