Փաշինյանի դեմ 2 հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հանցագործության մասին երկու առանձին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Առաջին հաղորդմամբ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին:
«Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը: ԱԺ-ն, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի հակառակ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական գործառույթի, որդեգրել է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու Փաշինյանի քաղաքականությունը, ինչի արդյունքում ստորագրել և հրապարակել է այնպիսի հայտարարություն, որն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դատաքննչական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա, արդեն իսկ հաստատելով հանցագործության փաստը, ինչպես նաև այն անձանց մեղավորությունը, որոնց նկատմամբ դեռևս ընթանում է նախաքննություն»,– ասված է հաղորդման մեջ:
Կուսակցության կարծիքով` այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:
«Վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 420-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով արգելված արարքներին»,– գրված է հաղորդման մեջ։
Կուսակցության ներկայացրած 2–րդ հաղորդման մեջ դատախազի ուշադրությունը հրավիրվել է Փաշինյանի կողմից Սահմանադրության հոդվածների ենթադրյալ խախտումների վրա։ Հիշեցրել են, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Մեջբերել են «ՀՀ–ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, որով պետությունը ճանաչում է եկեղեցու անկախությունը։
««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ ՀՀ եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` … չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն: Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ ճնշում է գործադրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ` միջամտելով եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին: Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու գործընթացն ուղիղ միջամտություն է եկեղեցու ինքնակառավարմանը»,– ասված է հաղորդման մեջ:
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրության 18-րդ կետի համաձայն՝ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է ցկեանս Հայ առաքելական եկեղեցու Ազգային-եկեղեցական ժողովի կողմից Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում` համաձայն համապատասխան կանոնադրության:
Կուսակցությունը կարծում է, որ Փաշինյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ (խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) և 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներով արգելված արարքներին:
Sputnik Արմենիա