Ալեքսանդր ՍԵՄՉԵՆԿՈ․ ՍԱ ԱԶԴԱՆՇԱՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն, ինչպես նաև Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրումը։

 

«Եթե խոսենք Հայաստանի և միջանցքի վերաբերյալ, ապա պետք է նշել, որ դա ինքնիշխան պետության ինքնիշխան տարածքն է, և Հայաստանը ազատ է տնօրինել իր տարածքն այնպես, ինչպես ցանկանում է։ Այո, կան որոշակի միջազգային համաձայնագրեր Նախիջևանը Ադրբեջանի մնացած մասի հետ կապելու վերաբերյալ։ Բայց դա պետք է լինի փոխշահավետ պայմաններով, այլ ոչ թե վերջնագիր ներկայացնելու արդյունքում։ Մյուս կողմից, վերջնագիր է ներկայացնում նա, ով հնարավորություն ունի այն ներկայացնել, և այստեղ հարց է առաջանում, իսկ արդյոք Հայաստանը հնարավորություն ունի չկատարել Ադրբեջանի պայմանները։ Դա արդեն Հայաստանի հարցն է», — ասել է Սեմչենկոն։

Փորձագետի խոսքով՝ միջանցքի վերաբերյալ Ալիևի հայտարարություններն ազդանշան են, որ Հայաստանի տարածքն, ըստ էության, դառնալու է Ադրբեջանի տարածք:

«Հայաստանի տարածքն, ըստ էության, դառնալու է Ադրբեջանի տարածք, քանի որ միջանցքը պետք է անցնի Հայաստանի տարածքով: Ամեն դեպքում, դա դե ֆակտո պնդում է Ալիևը։ Դա, իմ կարծիքով, անընդունելի է ցանկացած պետության համար։ Եվ այստեղ հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կարող է չընդունել Ալիևի վերջնագիրը։ Վերջին շրջանում Հայաստանը Ռուսաստանի՝ իր գլխավոր, ըստ էության, միակ դաշնակցի նկատմամբ իրեն այնպես է պահել, որ Ռուսաստանը որևէ դրդապատճառ չունի պաշտպանելու Հայաստանը։

Միջանցքն ինքնին ոչ մի վատ հետևանք չունի, բայց այն պայմանով, որ այնտեղ պետք է որոշակի վերահսկողություն լինի, որպեսզի այն չօգտագործվի Հայաստանի նկատմամբ թշնամական նպատակներով։ Ադրբեջանի մի մասը մյուսին կապելը նշանակում է աջակցություն, բայց այս դեպքում Ալիևին սովորական տրանսպորտային միջանցքը չի բավարարում նա ուզում է, ինչպես հեքիաթի ծեր կինը, դառնալ ծովի տիրակալ։ Ինչու հանկարծ թևեր ձեռք բերեց, ինչու հանկարծ իրեն անպարտելի զգաց, հավանաբար նրան ինչ-որ բան խոստացան Լոնդոնի կամ Վաշինգտոնի և 100 տոկոս Անկարայի ընկերները», — նշել է Սեմչենկոն։

Քաղաքագետի կարծիքով՝ նաև չի բացառվում, որ ինչ-որ պահի Ադրբեջանը թշնամական գործողություններ ձեռնարկի Ռուսաստանի դեմ:

«Թվում է, թե Ալիևն իրեն փորձում է երկրորդ Զելենսկու դերում, միայն մի փոքր այլ աշխարհագրական վայրում։ Բայց էությունը նույնն է, ի վերջո այս ամենը հակառուսական նախագիծ է։ Ես չեմ զարմանա, եթե ինչ-որ պահի Ադրբեջանը թշնամական գործողություններ ձեռնարկի Ռուսաստանի դեմ հարավում, Կովկասում կամ Կասպից ծովում», — ընդգծել է Սեմչենկոն։

Խոսելով այն մասին, թե ինչպես պետք է Ռուսաստանն արձագանքի Ադրբեջանի հակառուսական հարձակումներին, փորձագետն ասել է. «Ոչ մի մեղրաբլիթ, բացառապես մտրակ»:

«Անհրաժեշտ է կիրառել ուժերի ողջ սպեկտրը՝ և՛ արտաքին ճնշումը, և՛ առևտրի ամբողջական շրջափակումը։ Բացի այդ, անհրաժեշտ է առավելագույնս աջակցել բառացիորեն բոլորին, ոչ միայն ռուսամետ, այլ ընդհանրապես Ալիևին ընդդիմադիր բոլոր ուժերին։ Ադրբեջանում խնդիրները տանիքից վեր են, այնտեղ աղքատություն է, ամենահարուստ քաղաքը՝ Բաքուն նստած է նավթի վրա, բայց այդ նավթից ստացվող եկամուտները ուտում են բառացիորեն հաշված ընտանիքներ՝ իհարկե Ալիևի ընտանիքի գլխավորությամբ, որոնք իշխանությունը յուրացրել են արդեն ավելի քան 30 տարի։ Եթե նրանց հետ բանակցենք, ապա Ուկրաինայի փորձով մենք տեսնում ենք, թե դա ինչով կավարտվի։ Ուստի ոչ մի բարություն, ոչ մի մեղրաբլիթ, բացառապես մտրակ», — եզրափակել է Սեմչենկոն։

Alpha News