Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա շաբաթներին շարունակել խորհրդակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նախօրեին Թեհրանում տեղի էր ունեցել կողմերի դիվանագիտական պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։ Մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների վերջին վիճակը և պատժամիջոցների վերացումը։
«Մասնակիցներն ընդգծել են իրենց կառավարությունների լուրջ ձգտումը՝ շարունակելու սերտ խորհրդակցությունները դիրքորոշումներն ու գործողությունները համակարգելու համար, և համաձայնության եկել այն մասին, որ երեք երկրների այս հանդիպումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին տարբեր մակարդակներով», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ն նախորդ շաբաթ հայտարարել էր, որ կարևոր է կարգավորել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջուկային հարցի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ Թեհրանը պայմանավորվել է նաև երեք եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Դրանց անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում ՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահական ժամկետում ՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց պատժամիջոցները Իսլամական Հանրապետության դեմ: Ի պատասխան ՝ Իրանի իշխանությունները հայտարարել են համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: Իրանը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գործակալության տեսուչները կոնկրետ ապացույցներ չեն տեսել, որ ԻԻՀ-ն միջուկային զենքի ստեղծման ծրագիր է վարում: ԱՄՆհետախուզական հանրությունը, ի հեճուկս Թրամփի և Իսրայելի իշխանությունների հայտարարությունների, համարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ձգտել միջուկային զենք ստեղծել, ինչի մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը: Ուզբեկստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քրեյգ Մյուրեյը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Իրանի իշխանությունները վերջին մի քանի տարիների ընթացքում անհավանական համբերություն և խաղաղասիրություն են ցուցաբերել ՝ չնայած Իսրայելի գործողություններին:
Sputnik Արմենիա