Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել

Ցմահ դատապարտյալ 50–ամյա Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։

«Եղել է դատարանի որոշում, և նա պայմանական–վաղաժամկետ ազատ է արձակվել»,– նշեց Մելքումյանը։

Ենոքյանը ազատ է արձակվել 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։

Նշենք, որ նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։

Նա 21 տարեկան հասակում մահապատժի էր դատապարտվել 1996 թ. նոյեմբերի 29–ին։

Իոսիֆ Աղաջանովը սպանվել էր 1996 թվականին։ Երկու մեղադրյալները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, դատապարտվել էին որպես համախոհներ։ Հարությունյանին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին՝ գնդակահարության, որ 2003 թ. Հայաստանում մահապատժի վերանալուց հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ 2022 թվականից նա պատիժը կրում է բաց ռեժիմով։

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար, վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին ասում է` մարդ ենք սպանել, հետո նաև որոշ մանրամասներ է պատմում այդ սպանությունից։