«Գործող իշխանությանը մեսիջ ենք տալիս, որ նրանք 2026-ից հետո չեն լինելու»․ նոր հուշագիր է ստորագրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում, այսօր՝ հուլիսի 23–ին, «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։

 


Ստորագրումից հետո Նարեկ Մանուկյանն իր խոսքում նշեց. «Այս հուշագրի ստորագրումով ուզում ենք ցույց տալ, որ եկել է ժամանակը, որ Հայաստանում «ես»–երի մրցակցությունը փոխարինելու ենք «մենք»–ի գաղափարով։ Հայաստանում առաջնային խնդիրը հասարակության պառակտվածությունը է։ Այն խնդիրները, որոնք այսօր առկա են, առանց մենքի, առանց հասարակության համախմբման անհնար է լուծել, և այս հուշագիրը իրականում առաջին հերթին մեսիջ է, որով ցույց ենք տալիս, որ այստեղ ոչ թե «ես»–երի մրցակցություն է, այլ «մենք»–ի գաղափարն է գերակայում, այլապես մենք կարող ենք համագործակցել առանց հուշագրի ևս և բազմաթիվ լավ գործեր անել։

Մի փոքր անդրադառնալով մեր ուժերի նմանությանը, ես ուզում եմ առանձնացնել, որ մենք յուրաքանչյուրս մարդիկ ենք, որոնք իրենց ոլորտում ճանապարհ են անցել և որոշակիորեն կայացել են։ Հայաստանը միմիայն այն մարդիկ կարող են տանել լավ ապագայի, որոնք իրենց ոլորտում կայացած են, այսինքն տեխնոկրատներ են։ Բայց այստեղ շատ կարևոր մի առանձնահատկություն կա. այդ տեխնոկրատիզմը պետք է անպայման համատեղվի մեր ազգայինի հետ։ Այսինքն մարդ, ով ընդունում է իր ազգայինը, խոսում է հայերեն, քրիստոնյա է, ընդունում է մեր պատմությունը, մեր մշակույթը և առաջնահերթ համարում է։ Մեզ առաջին հերթին համախմբել է այս բոլոր գաղափարների միասնությունը»։

Իր հերթին Նաիրի Սարգսյանն ասաց. «Հայաստանում շատ վաղուց այլևս չկա քաղաքականություն, չկա ապաքաղաքականություն, Հայաստանում գոյություն ունի գոյության պայքար, իսկ գոյության պայքարի ժամանակահատվածում Հայաստանն այս իրավիճակից հանելու համար, զարգացնելու, հզորացնելու, այնուհետև հարատևման համար կայուն նախադրյալներ ստեղծելու համար անհրաժեշտ է բացառապես տեխնոկրատիա։ Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի, շատ խորն ենք մենք դրա մեջ ընկնում, շատ խորն ենք ուսումնասիրել, ուղղակի այլ տարբերակ հնարավոր չի և մեկ մարդու անելիք չի։

Եվ այստեղ նույնիսկ, եթե կարող են լինել մտածելակերպի, մոտեցումների ծրագրերի տարբերություններ, մարդկանց միջև, որը նորմալ ու բնական երևույթ է, ություններ, մենք դա ոչ թե դիտարկում ենք որպես խոչընդոտ, այլ որպես հնարավորություն և որպես ուժերի համադրման արդյունքում ավելի հզորացում։

Այս հուշագրով նաև մեսիջ ենք տալիս գործող իշխանությանը, որ նրանք 2026 թվականից հետո, իհարկե, Աստված մի արասցե մինչև 2026-ը մնան, բայց 2026 թվականից հետո նրանք չեն լինելու։ Մենք ունենք պլանավորում, որը իրագործում ենք, մեկնարկել ենք մոտավորապես մեկ տարի առաջ, բայց ժամանակ առ ժամանակ սրում ենք ու գնալով շատ ավելի ենք սրում։

Իշխանության թերացումները և այլընտրանքը պարբերաբար հանրության ներկայացնելով։ Օրինակ, իշխանության արածի արդյունքի բացասական հետևանքները և դրա տեխնոկրատ լուծման դրական արդյունքը ներկայացնելով։ Հասարակությունը, բնականաբար, դա տեսնելով և գիտակցելով, տրամադրվում է իշխանության հեռացման գործընթացին։

Այլ հարց է մենք ինչպես հասարակության տրամադրությունները կարող ենք զարգացնել՝ ընտրություններին մասնակցելու միջոցով. միայն դա տեղի ունենա, թե՞ այդ թվում փողոցային պայքարի միջոցով տեղի ունենա։ Երկու սցենարներ մեր տեսադաշտում կա»։

Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը թվով երկրորդ հուշագիրն է արդեն ստորագրում. «Իհարկե, և «Արմենիա 2026-ը», և «Հայաստանը ես եմ»–ը կաշկանդված չեն այս հուշագրով, կարող են համագործակցությունը և առանձին, և բազմակողմ ձևաչափով ավելացնել։ Մենք տրամադրված ենք միմյանց հետ էլ հուշագրի շուրջ աշխատելու ժամանակ, միմյանց հետ մեր գաղափարները կիսելու և քննարկելու։ Ցանկացած առողջ ուժ, որ այս տրամաբանության ներքո տեղավորվում է, այսինքն տեխնոկրատ է, ազգային է, և պատրաստակամ է ու անձամբ ստանձնում է պատասխանատվություն, ապա մենք այդ ուժերի և մարդկանց հետ միավորվելու ենք։

Շատ են դեպքեր, երբ մարդիկ այո տեխնոկրատ են, այո ունեն խնդիրների լուծման ունակություններ, բայց դիստանցավորվում են քաղաքականությունից։ Սա քաղաքականություն չի, սա գոյության պայքար է, և այստեղ մեր գիտակցումը, ամեն դեպքում երկու նախաձեռնությունների անդամների գիտակցումը հետևյալ է. ո՞վ, եթե ոչ ես, ես ո՞ւմից եմ հայրենիք պահանջում, բացառապես ինձանից իրավունք ունեմ և պարտավոր եմ ինձանից պահանջեմ, ցանկանում եմ ունենալ երկիր, ապա պարտավոր եմ պայքարեմ և անձամբ պարտավոր եմ աշխատել դրա շուրջը»,– ընդգծեց նա։

News.am