Նաիրի Սարգսյան․ Արբիտրաժային դատարանի վճռով պետք է գնալ ռեգիստր ու փոխել ՀԷՑ-ի կառավարչին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) վճռի կատարումը կարող է զարգանալ 2 սցենարով։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս դեպքում առաջին սցենարը իրավական ճանապարհն է, որի դեպքում պետք է առաջնորդվել այն փաստով, որ միջազգային դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման։

«Հետևաբար, վճռի առկայության պարագայում պետք է գնան ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն և իրականացնեն կառավարչի փոփոխություն, որպեսզի ՀԷՑ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը հենց այսօրվանից սկսած»,– ասաց Սարգսյանը։

Նաիրի Սարգսյանի խոսքով՝ երկրորդը իշխանությունների կողմից ուժի կիրառման սցենարն է։

«Այսինքն՝ զուտ ուժային կամ նիկոլփաշինյանական ձևաչափով առաջնորդվելը։ Հնարավոր է, որ դեռևս որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտներ ստեղծեն։ Իհարկե, այդ խոչընդոտներն էլ ենթակա են իրավական պատժի և գնահատականի»,– եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Sputnik Արմենիա