Երևանը մանիպուլյատիվ քարոզչություն է անվանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հոդվածը
ՀՀ Կառավարությունը կտրականապես հերքել և մանիպուլյատիվ քարոզչություն է որակել իսպանական Periodista Digital անունը կրող կայքի հրապարակումն այն մասին, թե իբր Երևանը, Բաքուն և Վաշինգտոնը համաձայնության են եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագրի շուրջ. փաստաթղթում այն ներկայացված է որպես «Թրամփի կամուրջ»։
«Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով»,-նշվում է Կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության տեքստում։
Նշվում է, որ հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։
«Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։ Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը»,-նշում է գերատեսչությունը՝ կոչ անելով լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից։
Նշենք, որ «Periodista Digital» կայքը, Ֆրանսիայի հայկական սփյուռքի աղբյուրին հղում անելով, հուլիսի 22-ին գրել էր, որ համաձայնեցված փաստաթուղթը, իբր, նախատեսում է 42 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացում, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով։ «Այն նախատեսում է ստեղծել 42 կիլոմետր երկարությամբ «Թրամփի կամուրջ» անունը ստացած տրանսպորտային միջանցք, որը կանցնի Սյունիքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանին»,-գրված է կայքում։
Նովոստի-Արմենիա