Միքայել սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը:

Պաշտպանները նախաքննության ավարտի մասին ծանուցումը ստացել են այսօր։

Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է հուլիսի 24-ին։

Նրանք ներկայացրել են իրադարձությունների հետագա զարգացումը։ Ըստ այդմ` քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնելու է հսկող դատախազին: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:

Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

«Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակելու է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնելու մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել, այն կիրառելու հարցը»,– հայտնում են պաշտպանները:

Sputnik Արմենիա