ԱՀԿ․ Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահերի թվի կտրուկ աճ է արձանագրվում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահերի թվի կտրուկ աճ է արձանագրում, 2025 թվականին կազմակերպությունը Գազայում փաստաթղթավորել է մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 21 դեպք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ անկլավի շարունակվող շրջափակման ֆոնին թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 111-ի, նրանց մեծ մասը երեխաներ են:
«Գազայում ռազմական գործողությունների գոտում հայտնված 2,1 միլիոն մարդ ռումբերից և փամփուշտներից բացի բախվում է ևս մեկ մարդասպանի՝ սովի հետ։ Հուլիսի 17-ից ծանր սննդային անբավարարության բուժման կենտրոնները մարդաշատ են, բայց արտակարգ իրավիճակների համար բավարար քանակությամբ սնունդ չունեն: 2025 թվականին ԱՀԿ-ն արձանագրել է մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 21 դեպք՝ կապված անբավարար սնուցման հետ»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ Գազայի հատվածում սուր թերսնման ցուցանիշները գերազանցում են բնակչության 10 տոկոսը, հետազոտված հղի և կերակրող կանանց ավելի քան 20 տոկոսը տառապում են թերսնումից, հաճախ՝ ծանր ձևով: Նա ընդգծել է, որ սովի հետ կապված ճգնաժամն ուժեղանում է մարդասիրական օգնության մատակարարումների դադարեցման և հասանելիության սահմանափակումների պատճառով:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում էին կարճատև զինադադարներով, տարածվել են դեպի Լիբանան, Եմեն և Իսրայելի ու Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում են հրահրել:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն անարդյունք են ավարտվել։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակում:
Sputnik Արմենիա