Մեդինսկի․ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը պետք է լինի կոնֆլիկտի վերջակետը
Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը պետք է հակամարտության վերջակետը դնի: Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
«Իրականում այդ հանդիպման ժամանակ պետք է ոչ թե քննարկել համաձայնագիրը, այլ վերջակետ դնել, ստորագրել այն։ Հանդիպել՝ զրոյից նորից այդ ամենը քննարկելու համար, իմաստ չունի»,- ասել է Մեդինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների ընթացքում շոշափվե՞լ է արդյոք երկու պետությունների ղեկավարների հանդիպման թեման։
Նա նշել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները երկար քննարկել են խաղաղության հասնելու մասին հուշագրերի բովանդակությունը, պայմանավորվել են շարունակել շփումները, քանի որ դրանցում շարադրված դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են իրարից:
Միաժամանակ Մեդինսկին «խայթել է» ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին: Ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է, որ պատմական տեղեկանք է պատրաստել հատուկ նրա համար, քանի որ վերջինս պատմության մեծ սիրահար է:
«Չինաստանում քաղաքացիական պատերազմ էր ազգայնականների և կոմունիստների՝ Չան Կայշիի և Մաո Ցզե Դունի միջև։ Չան Կայշին պնդում էր անձամբ հանդիպում ունենալ: Նրանք մի քանի անգամ հանդիպեցին։ Եթե ճիշտ եմ հիշում, հինգ անգամ հանդիպել են, լուսանկարվել, ժպտացել։ Ոչ մի բանի մասին չեն պայմանավորվել, քանի որ հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածության չէին հասել։ Չնայած Արևմուտքի՝ ազգայնականներին տրամադրած օգնությանը, արդյունքում հաղթեցին կոմունիստները»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ Մոսկվան բանակցությունների երկրորդ փուլի համար Ստամբուլ է ուղարկել «անլուրջ» պատվիրակություն, որը գլխավորում է «ինչ-որ պատմաբան»: Ավելի ուշ Կրեմլում գլխավոր քարտուղարին հիշեցրել են, որ Մեդինսկին Ռուսաստանի նախագահի օգնականն է, և նրա գլխավորած պատվիրակությունը չափազանց լուրջ է:
Հիշեցնենք` Ստամբուլում այսօր կայացել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը, որը տևել է 40 րոպե։
Sputnik Արմենիա