87 կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել աջակցել արցախահայերի վերադարձին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 87 կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով աջակցել հայերի վերադարձին Արցախ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նամակը կազմվել է և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Congressional Armenian Caucus) համանախագահներ Ֆրենկ Փալոնի, Գուս Բիլիրակիսի, Բրեդ Շերմանի և Դեյվիդ Վալադաոյի ղեկավարությամբ:
Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին աջակցել այն նախաձեռնությանը, որն ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից և նախատեսում է միջազգային բանակցային հարթակի ստեղծում՝ միջազգային երաշխիքների ներքո հայերի անվտանգ վերադարձի համար:
Նամակում հիշեցվում է նաև 2023 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
«Կոնգրեսականների նամակը հստակ ուղերձ է նախագահի վարչակազմին. տարածաշրջանում իրական խաղաղության ցանկացած ճանապարհ սկսվում է հայերի հավաքական, պաշտպանված վերադարձով Արցախ, ոչ թե էթնիկ զտումներով, որն իրականացնում է Ադրբեջանը իրենց հինավուրց հայրենիքում բնիկ քրիստոնյաների նկատմամբ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոնգրեսականները կոչ են անում չլուծված հակամարտության բոլոր կողմերին ապահովել բռնի տեղահանված հայերի արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային իրավունքի համաձայն, տարածաշրջանում արդար և տևական խաղաղություն հաստատելու համար: Նամակում նշվում են նաև 2023 թվականին Ադրբեջանի կողմից շրջափակման և Արցախի վրա զինված հարձակման հետևանքները, ինչպես նաև հայկական քրիստոնեական ժառանգության օբյեկտների ոչնչացման Բաքվի համակարգված գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական սեփականության և ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը՝ մարդկանց վերադարձը խոչընդոտելու նպատակով:
Նշենք, որ շվեյցարական նախաձեռնությունը Կոնգրեսում մանրամասն քննարկվել է հուլիսի 10-ին Կոնգրեսի աշխատակազմի շուրջ 200 աշխատակիցների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների և քաղաքագետների մասնակցությամբ: Հրավիրված են եղել նաև Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, «Christian Solidarity International» կազմակերպության նախագահ Ջոն Այբները և մի շարք այլ հյուրեր:
Sputnik Արմենիա