ՀԾԿՀ նախագահ․ ՀԷՑ–ի հարցը ամբողջությամբ քաղաքական է
ՀԷՑ–ի հետ կապված հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 3 ամիս է, այն կարող է երկարաձվել ևս մեկ ամսով, եթե կողմերից մեկը պահանջում է երկարաձգել հարցի ուսումնասիրության համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Չորրորդ ամսվա սահմանագծի վրա պետք է հանձնաժողովը արդեն այդ վարչական վարույթի շրջանակներում իր որոշումը կայացնի։ Եթե կորոշենք, որ վարչական վարույթով հարուցված այդ խնդիրները չեն ապացուցվում, բնականաբար դա մի ելք է։
Իսկ եթե կապացուցվի, որ վարչական վարույթի շրջանակներում մատնանշված խնդիրներից կան ապացուցված փաստեր, որոնց հիման վրա կարելի է արդեն այլ որոշում կայացնել, բնականաբար, այդ դեպքում ժամանակավոր կառավարիչը կշարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի որոշի իր հաջորդ քայլերը, թե ինչպես է վարվում այդ ընկերության հետ՝ նոր մրցույթ է հայտարարում, կոնսորցիումով կառավարում է հայտարարում, փայաբաժին է ստանում պետությունը, այդտեղ տարբերակները շատ են»։
Հարցին՝ նպատակը ՀԷՑ–ում փայաբաժին ունենա՞լն է, ինչպես այլ ընկերություններում ունի, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այդ նպատակը չեմ իմանում և չեմ կարող մեկնաբանել, որովհետև հարցը ամբողջությամբ քաղաքական է, իսկ ես իմ անձնագրի պաշտոնով իրավունք չունեմ քաղաքական մեկնաբանություն ունենալ»,– ընդգծեց Մեսրոպյանը։
News.am