ՌԴ ԱԳՆ․ Արևմուտքը փորձում է Երևան-Բաքու բանակցությունները հանել տարածաշրջանային կոնտեքստից

Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դուրս բերել տարածաշրջանային համատեքստից և ստորադասել այն սեփական շահերին։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բրյուսելի հերթական բարի պատրվակների տակ զուտ կոնյունկտուրային խնդիր է։ Արևմուտքը նպատակ ունի Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել սեփական ռելսերի վրա, որպեսզի հերթական անգամ հայտարարի քաղաքական հաջողությունների մասին»,- ասաց Զախարովան։

Նա հավելեց` մինչ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցողական և փոխընդունելի որոշումների են ձգտում տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ, արևմտյան խաղացողները միջամտում են այդ գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը։

Զախարովան ընդգծեց, որ Արևմուտքի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում անվտանգության անհավասարակշռության, ինչպես նաև տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքի խաթարման:

Մոսկվան, նրա խոսքով, նաև արձանագրում է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման հարցի քննարկմանը միջամտելու Վաշինգտոնի փորձերը: ԱՄՆ-ն ներկայացրել է լուծման իր «եզակի» տեսլականը, սակայն, ինչպես նշեց Զախարովան, Ռուսաստանում համոզված են, որ Վաշինգտոնը չի կարող առաջարկներ ներկայացնել, որոնք դուրս են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակից:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ արևմտականների ապակառուցողական ազդեցության պատճառով խմբի աշխատանքը կանգ է առել։ Զախարովան նշեց, որ տարածաշրջանում գործող տրանսպորտային ենթակառուցվածքը համապատասխանում է ԱՊՀ չափանիշներին, իսկ Հայաստանի համար լրացուցիչ ուղենիշ են ծառայում ԵԱՏՄ նորմերը և ընդհանուր մաքսային տարածքը:

Վերջում նա հիշեցրեց 2020 թվականին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի գործում Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրման մասին։

Sputnik Արմենիա