ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՌԵՑՎԵԼ

Ղազարյանը` ՀԷՑ-ի գործի հնարավոր զարգացումների մասին

ՀՀ–ն պատրաստ չէ իրականացնել ՀԷՑ-ի դեմ գործընթացները.դրա համար համապատասխան գործիքներ չունի և, ամենայն հավանականությամբ, կպարտվի արբիտրաժային դատարանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավական հարցերով մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Ինչպես հայտնի է, գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտարարեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

«Պետությունը միշտ էլ փոխհատուցում է հարկատուների հաշվին։ Պետության ամբողջ բյուջեն հարկատուներն են ապահովում։ Ուզում եմ ասել, որ Հայաստանը կա՛մ կպարտվի, կա՛մ էլ ընթացքում կառաջարկի հաշտություն։ Բայց հաշտության հիմքում ևս ընկած է վնասը և մնացած պայմանները, որոնք սովորաբար հաշտության ժամանակ են կողմերը պայմանավորվում։ Իմ կարծիքով` ՀՀ–ն պատրաստ չէր նման գործընթաց սկսելու ՀԷՑ–ի դեմ, ո՛չ օրենքներով, ո՛չ էլ ինչ–որ օբյեկտիվ իրավիճակ էր հասունացել, որ նման կոշտ մեթոդներով և արագ կերպով մի ամբողջ տնտեսական միավորի գույքի վրա վերահսկողություն սահմանվեր։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանը կպարտվի, կամ էլ ինչպես Ամուլսարի դեպքում եղավ` կառաջարկի հաշտություն, և ի վերջո ծանրությունը կընկնի հարկատուների վրա», – նշում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով՝ դատական այս ակտը դեռ հաղթանակ չէ. գործը նոր է սկսվել և որոշ ժամանակ կշարունակվի։ Միևնույն ժամանակ, Ղազարյանի խոսքով, այս դատավարությունը միայն առաջին հետևանքն է, որի հետ ստիպված կլինեն բախվել ՀՀ իշխանությունները։

ՀԷՑ–ի վերաբերյալ միջանկյալ որոշումը պարտադիր իրավական ուժ ունի։ Ազգային դատարանները, ինչպես նշում է Ղազարյանը, պետք է պարզապես կատարեն այն, ինչպես պահանջվում է 1958 թվականի հունիսի 10-ի Նյու Յորքի օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին կոնվենցիայով։ Այդ մեխանիզմի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է անմիջականորեն կատարել այդ որոշումները, այլ ոչ թե փորձել խմբագրել դրանք, խուսափել դրանցից և այլն։ Սակայն այս դեպքում խոսքը ինքնիշխան պետության մասին է, և Հայաստանը կարող է չկատարել այն, քանի որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը (Ստոկհոլմի արբիտրաժ) չունի դատական ակտերի կատարման սեփական մեխանիզմներ։

Միևնույն ժամանակ, եթե Հայաստանն անտեսի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, կտուժի նրա հեղինակությունը՝ ընդհանուր առմամբ ներդրումային ֆոնի և երկրում բարենպաստ, արդյունավետ և լիբերալ բիզնես միջավայր ապահովելու անկարողության առումով։

Այնպես որ, ՀՀ–ն կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել այսպես կոչված պետականացման գործընթացը, կա՛մ կասեցնել մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները՝ կատարելու համար դատարանի միջանկյալ որոշումը։

«Եվ, ի վերջո, այս որոշումը եթե չկատարվի, հետո վճիռն է կատարվելու, իսկ վճռով արդեն սահմանվելու է փոխհատուցում, և այստեղ պետք է որ խոշոր գումարի մասին խոսք գնա, որն արդեն ՀՀ–ն պետք է պարտադիր կատարի, եթե չէ, կարող է Հայաստանի ակտիվները դրսում սառեցվեն, որպեսզի այդ վճիռը կատարվի։ Ես սա խոսում եմ ապագայի մասին։ Այսինքն, ամենայն լրջությամբ պետք է մոտենալ նման դատական ակտերին», – փաստում է փաստաբանը։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների նախաձեռնած ՀԷՑ–ի ազգայնացման կամ պետականացման գործընթացին, Ղազարյանն ավելի տեղին է համարում այստեղ «էքսպրոպրիացիա» տերմինը, քանի որ, նրա կարծիքով, այս դեպքում խոսքը սեփականատիրոջ իրավունքների դեմ բռնի գործողությունների մասին է։

Նա կարծում է, որ այս գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի, ինչի մասին էլ խոսվում է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման մեջ։

«Ինչպես միջազգային մյուս տրիբունալների դեպքում, այս դեպքում ևս միջանկյալ որոշումը կայացվել է, որպեսզի հետագայում ապահովվի վճռի կատարումը։ Իրենք, ինչպես մեր երկրում են կոչում «հայցի ապահովման միջոց», ժամանակավոր միջանկյալ որոշում են կայացրել` ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից մինչև վերջնական դատական ակտը կայացնելը։ Պետք է կասեցվեն միջամտող գործողությունները մինչև վերջնական դատական ակտը կայացնելը », – կարծում է միջազգային իրավունքի հարցերով մասնագետը։

Մեկնաբանելով ՀԷՑ–ի գործով արբիտրաժային վեճում կրած պարտության վերաբերյալ ՀՀ կառավարության արձագանքը՝ Ղազարյանը նշեց, որ կառավարության արդարացումներն անհիմն են, քանի որ վերաբերում են վեճի էությանը։ Իսկ միջանկյալ դատական ակտում վեճի էության մասին խոսք անգամ չի գնում։ Ի դեպ, միջանկյալ որոշումներն ապագայում վերջնական վճռի վրա չեն ազդում, սակայն նախադրյալներ են ստեղծում վեճի լուծման եղանակը կանխատեսելու համար։ Փորձագետի խոսքով՝ դատարանը իր վերջնական վճռում կարձանագրի իշխանությունների կողմից ՀԷՑ–ի դեմ գործողություններում առկա խախտումները։

Sputnik Արմենիա