Ղազախստանի վարչապետը կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել Կասպից ծովը փրկելու համար
Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը մերձկասպյան պետություններին կոչ է արել համակարգել ջանքերը Կասպից ծովը փրկելու համար։
Ինչպես նշել է Բեկտենովը Ալթայում մեկնարկած միջազգային բնապահպանական համաժողովում, 2000-ականների սկզբից ի վեր Կասպից ծովի մակարդակի իջեցման միտում է նկատվում։ Այս և այլ խնդիրների ուսումնասիրման համար Ղազախստանում Կասպից ծովի գիտապատմական ինստիտուտ է ստեղծվել։
«Ցավոք, գիտնականների կանխատեսումները հուսադրող չեն։ Այս բացառիկ ջրավազանը պահպանելու համար կասպյան բոլոր պետությունների կողմից վճռական, համակարգված գործողություններ են պահանջվում», – ասել է Բեկտենովը։
Ղազախստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսիք են մշտադիտարկման նոր կենտրոնների ստեղծումը, Արալյան ծովի տարածաշրջանի եզակի բնության պահպանման համատեղ ծրագրերի մեկնարկը, ինչպես նաև բնապահպանների և կենսաբազմազանության գծով մասնագետների մասնակցությամբ արշավների կազմակերպումը, հաստատում են Կենտրոնական Ասիայի երկրների` համատեղ գործողություններ ձեռնարկելու պատրաստակամությունը` ուղղված բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։
Ինչպես նշել է Բեկտենովը, չնայած ի հայտ եկող բնական և կլիմայական խնդիրներին, Ղազախստանը ձգտում է լուծել դրանք փոխըմբռնման և բարիդրացիական հարաբերությունների հիման վրա։
Բնապահպանական միջազգային համաժողովն անցկացվում է Ալթայի Հանրապետության «Մանժերոկ» հանգստավայրի տարածքում։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունները։
Sputnik Արմենիա