Գառնիկ Դանիելյան․ Աղվան Արշակյանի առողջական վիճակն ու կալանքն անհամատեղելի են
«Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակն ու կալանքը անհամատեղելի են։ Այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը գրել է, որ Արշակյանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվել է ծանր հիվանդություն, և բարդ վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր՝ նա 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո։ Ըստ ժամանակացույցի՝ հաջորդ հետազոտությունը պետք է իրականացվի սեպտեմբերին։ Բացի այդ, Արշակյանի առողջապահական վիճակի բարելավման համար անհրաժեշտ են զբոսանքներ, մաքուր օդ, հատուկ սննդակարգ։
«Աղվանի դեպքն արժանի է առանձին ուշադրության, քանի որ անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը բացասական է անդրադառնում երիտասարդ տղայի առողջությանը։ Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ամենից հայրենասեր քաղաքացիներն առանց որևէ հիմքի հայտնվում են բանտերում։ Բռնապետական ռեժիմի համար անգամ զսպող հանգամանք չէ մարդու առողջական դրությունը։ Կալանքը՝ որպես խափանման միջոց, սրանց օրոք վերածվել է պատժի միջոցի»,– նշել է Դանիելյանը։
Պատգամավորը պատրաստվում է խնդրի կապակցությամբ դիմել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Sputnik Արմենիա