Իսրայելն ու Սիրիան 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել

Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններն են անցկացրել։ Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ, հաղորդում է Axios-ը։

Ըստ պորտալի՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանին։ Հանդիպումը տևել է չորս ժամ, և դրա հիմնական թեման երկրների միջև լարվածության նվազեցումն էր։ Կողմերը մտադիր էին համաձայնության գալ Սիրիայի հարավում անվտանգության և հրադադարի շուրջ, Axios-ին հայտնել են իսրայելական աղբյուրները։

Նշվում է, որ Իսրայելն ու Սիրիան վերջին ամիսներին արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել։ Պորտալը պնդում է, որ Փարիզի բանակցությունները երկրների միջև վստահության ամրապնդման առաջին քայլը կլինեն։

Հուլիսի 16-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսում և նրա շրջակայքում գտնվող ռազմավարական թիրախներին, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել Սիրիայի բանակի գլխավոր շտաբի շենքերի համալիրին և Աբու Ռումանա թաղամասում գտնվող նախագահական պալատին։ Հուլիսի 17-ին օդային հարվածներ են հասցվել Բզամիլում գտնվող 132-րդ մոտոհրաձգային բրիգադի և հյուսիս-արևմուտքում գտնվող Ջաբլեում գտնվող 107-րդ զրահապատ բրիգադի բազաներին։ Հուլիսի 23-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կեսօրին հարվածել են սիրիական ռազմական պահեստներին Հոմս նահանգի կենտրոնական մասում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Սիրիային, եթե կառավարական զորքերը չհեռանան դրուզներով բնակեցված մեծամասնություն կազմող Աս-Սուվեյդա քաղաքից և հարավում գտնվող հարակից տարածքներից։

News.am