Պեսկով․ Ռուսաստանը Պաղեստինի հարցում ելնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից
Ռուսաստանը Պաղեստինի հարցում հավատարիմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի 24–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։
«Տվյալ դեպքում մենք հետևում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերին և կարծում ենք, որ համապատասխան բանաձևերին հավատարիմ մնալը միակ ճիշտ ուղին է այն դժվարին իրավիճակից ելք գտնելու փնտրտուքներում, որում այժմ գտնվում է տարածաշրջանը», - ասել է Պեսկովը։
Պաղեստինի պետությունը ճանաչվել է 147 երկրների կողմից։ 2024 թվականից ի վեր Պաղեստինը ճանաչվել է տասը պետության կողմից, այդ թվում՝ Հայաստանի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:
Sputnik Արմենիա