Աշխատելու միակ ձևն Աբովյան փողոցում է. վարորդները բողոքի ակցիա են անում Երևանի կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող վարորդները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում։
Երևանի քաղաքապետարանը հուլիսի 23-ից արգելել է մեքենաները կայանել Աբովյան փողոցի որոշ հատվածներում՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչև Հանրապետության հրապարակ։ Վարորդները համոզված են, որ այդ որոշման հետևանքով կզրկվեն իրենց ապրուստի միջոցից։
«Աշխատելու միակ ձևն Աբովյան փողոցում է։ Էսքան մարդ, էսքան ռեկլամ որ խփում են, մեր ներդրումն է. տուրիզմի ոլորտն ենք զարգացրել։ 2010–ականներից այս ոլորտում եմ աշխատում ու գիտեմ` որտեղ են տուրիստները»,– ասաց վարորդներից Գուրգեն Դոլունցը։
Քաղաքային իշխանությունը վարորդներին կայանելու համար այլ վայր է առաջարկել, ըստ վարորդների՝ Շահումյանի հրապարակի շրջակայքը, սակայն այդ տարածքը վարորդների համար զբոսաշրջային տեսանկյունից շահեկան չէ։
Նրանց խոսքով՝ հարցն առնչվում է շուրջ 100 ընտանիքի, որոնք կարող են գործազուրկ դառնալ։ Վարորդները հանդիպում են խնդրում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն նրանց ընդունել են քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ։
«Քաղաքապետարանի առաջարկած նոր վայրը նույնն է, որ ես իմ բակում գովազդ կախեմ ու սպասեմ, որ տուրիստը մոտենա։ Այս շուկան տարիների ընթացքում ձևավորվել է հենց այն պատճառով, որ տուրիստներն այս հատվածում են»,– ասաց Սերգեյ Աղաջանյանը։
Տուրիստական գործունեություն իրականացնող վարորդները կասկածում են, որ դաշտը մենաշնորհելու խնդիր կա՝ փոքր բիզնեսին ուզում են դուրս հանել ոլորտից։ Նրանք ստորագրություններ են հավաքել, որ ներկայացնեն քաղաքապետարանին և կառավարությանը։
Sputnik Արմենիա