ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է

Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Գոռ Թադևոսյանը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո քննարկելու են վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՔԿ-ից հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է։

«Հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578800 ԱՄՆ դոլարը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել էին կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մեղադրյալ Գոռ Թադևոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել 11 հազար 200 դոլարը։