ՄԱԿ-ը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի որոշմանը աջակցելու մասին

ՄԱԿ-ը ողջունում է այն քայլերը, որոնք կնպաստեն Պաղեստինի հարցի երկպետական լուծմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ստեֆանի Թրեմբլեյը՝ մեկնաբանելով Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի ծրագրերի մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Մերձավոր Արևելքում կարգավորման երկպետական մոդելին:

«Ֆրանսիայի որոշումը ինքնիշխան որոշում է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք աջակցում են երկպետական լուծման իրականացմանը: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքում արդար, համապարփակ և տևական խաղաղության հասնելուն»,-ասել է Թրեմբլեյը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Պաղեստին պետությունը ճանաչում է 147 երկիր, ԱՄՆ-ն նրանց թվում չէ։ 2024 թվականին ԱՄՆ-ն վետո դրեց ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության վրա։ 2024 թվականից ի վեր Պաղեստինը ճանաչել է տասը երկիր, այդ թվում՝ Իռլանդիան, Նորվեգիան, Իսպանիան և Հայաստանը։

Sputnik Արմենիա