Բաքուն շարունակում է Արցախի նախկին ղեկավարների ցուցադրական «դատը». ինչ է եղել այս անգամ
Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»:
Ամբաստանյալի աթոռին էին Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը և Արցախի վարչակազմի այլ ներկայացուցիչներ: Ադրբեջանական իշխանությունները նրանց դեմ ծանր մեղադրանքներ են առաջադրում՝ «ցեղասպանությունից և ահաբեկչությունից» մինչև «իշխանության բռնազավթում»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում դատարանը ներկայացրել է դատավարության նոր մասնակիցներին և լսել է Ադրբեջանի մի շարք քաղաքացիների «ցուցմունքները», որոնցից շատերը պատմել են ռազմական վիրավորումների, գերության կամ գույքի կորստի մասին:
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 28-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա