Ի պատասխան պատմությունը կեղծելու փորձերի․ հրատարակվել է «Արցախյան բանակցություններ» գիրքը
Գործող իշխանությունները պատերազմից հետո փորձ են անում կեղծելու և խեղաթյուրելու Արցախյան շարժման, Արցախի Հանրապետության ձևավորման պատմությունն ու բանակցային ամբողջ գործընթացը։ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյանը որոշեց հոդված գրել ու ներկայացնել իրականությունը, հոդվածը երկարեց, արդյունքում 1300 էջանոց երկհատորյակ դարձավ։ «Արցախյան բանակցություններ» գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը նշեց՝ աշխատությունում մոտ 3500 հղում կա, ինչը նշանակում է՝ օդից վերցված խոսքեր չկան, տարբեր աղբյուրներով հիմնավորված փաստեր են։
«Փորձել եմ գնահատականները նվազագույնի հասցնել, ավելի շատ ներկայացնել այն փաստերը, որոնք իրենք արդեն խոսուն են, փաստաթղթեր, որոնք հրապարակվել են, արտահոսք է եղել։ Օրինակ` նույն Կրակովյան փաստաթուղթը, որը ներկայացվել է 2018-ի հունվարին, ցույց է տալիս՝ ինչ է ժառանգել Նիկոլ Փաշինյանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ ինչպես պետք է որոշվեր Արցախի ճակատագիրը՝ պարտադիր իրավական ուժ ունեցող համընդհանուր կամարտահայտություն, որի օրակարգը որևէ բանով չպիտի սահմանափակված լիներ։ Այսինքն՝ պնդումները, որ Արցախի անկախության հարցը երբևէ չէր եղել, այդպես չէ»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այդ կամարտահայտմանը ժողովուրդը պետք է մասնակցեր նույն համամասնությամբ, ինչպես մինչև հակամարտության սկիզբն էր։ Վերջին ընտրությունների ժամանակ 78 տոկոս հայեր և 22 տոկոս ադրբեջանցիներհարաբերակցություն է եղել, այսինքն՝ քվեարկության ելքն արդեն կանխորոշված էր։ Խաչատրյանը շեշտում է՝ բանակցությունները չէին մտել փակուղի կամ չէր դրվել Հայաստանի առջև վերջնագիր, թե սա է, ու վերջ։
«Հաճախ հղում է արվում Լիսաբոնի գագաթնաժողովում նախագահի հայտարարության վրա կամ այն փաստաթղթի վրա, որը պետք է ընդունվեր, բայց հայկական կողմը վետո էր դրել։ Դրանից հետո միջազգային հանրության մոտեցումը փոխվել էր, արդեն ընդհանուր պետության շրջանակներում չկար էդ պահանջը։ Այդ ընդհանուր պետությունը, որ իշխանություններն այսօր քննադատում են, քննադատել է հենց Հեյդար Ալիևը․ ասել էր՝ Ադրբեջանում կա ասացվածք՝ «սևից ավելի սև», և այդ ընդհանուր պետությունը սևից ավելի սև է, նա բողոք էր գրել ԱՄՆ-ին և այլն»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնում է՝ պատմաբան չէ, բայց հույս ունի, որ իր կատարած աշխատանքը նաև պատմաբանների համար օգտակար կլինի։
«Այս օրերին շատ արժեքավոր աշխատություն է դրված սեղանին, սա կարևոր է նաև մեր հանրությանը ներկայացնելու այն իրականությունը, երբ որ փորձում են ամբողջությամբ կեղծել, ցույց տալ, թե գոյություն է ունեցել միջազգային կոնսենսուս Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար կամ իբրև թե նախորդող 30 տարիների ընթացքում մշտապես բանակցվել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը։ Այս աշխատության մեջ փաստերով հիմնավորվում է, որ առնվազն Լիսաբոնի գագաթնաժողովից հետո բանակցությունների բոլոր փուլերում սեղանի վրա դրված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքը»,- նշեց շնորհանդեսին ներկա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Հավելեց՝ Դաշնակցության համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, Արցախյան շարժումը և Արցախի էջը փակված չէ, արցախցահայերի վերադարձի իրավունքը, որից հետո բխելու է Արցախի ինքնորոշման իրավունքը, սակարկման և առևտրի առարկա չեն։
Sputnik Արմենիա